ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՕՐԵՐ․ 1948 ԹՈՒԱԿԱՆ

Լեռ կամ Սար

Վերի շարք, ձախէն աջ՝ Օֆելիա հարսը, Նորա դուստրը, Նաթան որդին,
Վարի շարք, ձախէն աջ՝ կինը՝ Իսկուհին, Լեռ Կամսարը՝ գիրկը Վանիկ ու
Վանուհի թոռները եւ Աշոտ որդին։
Աղբիւր՝ դիմատետր.- Լեռ Կամսար Ler Kamsar January 29 2016

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Երգիծագիր Լեռ Կամսարի, բուն անունով՝ Արամ Թովմաղեան (1888-1965), անտիպ երկերու հրատարակութիւնը թափ ստացած է 1990ական թուականներէն ի վեր, հոգածութեամբ անոր նուիրեալ թոռնուհիին՝ Տիկին Վանուհի Թովմասեանի։ Վերջինս է որ մեր տրամադրութեան տակ դրած է հետեւեալ օրագրային անտիպ կտորը։ Իրեն կը յայտնենք մեր խոր շնորհակալութիւնը։

Լեռկամսարի օրագրային հրատարակութիւններէն այստեղ կը յիշենք՝ «Կարմիր Օրեր» (Նայիրի հրատ, Երեւան, 2000) «Մահապուրծ Օրագիր»  (Լուսաբաց հրատ, Երեւան, 2008), որ 1925-1935 տասնամեակի օրագիրն է, Վանուհի Թովմասեանի յառաջաբանով կայ նաեւ «Բանտիս Օրագիրը» (Ամարաս հրատ,Երեւան, 2010)։

Անոր գրիչին ճկունութիւնն ու առօրեան երգիծանքով վերհանելու հմտութիւնը զինք արժանաւորապէս կը դասեն հայ գրականութեան սակաւաթիւ երգիծագիրներուն շարքին, մանաւանդ այնպիսի ժամանակաշրջանի մը, ուր երգիծանքը իր բուժիչ եւ ուղղիչ դերը ունէր խաղալու նախ հարկաւ հեղինակին իսկ համար, ապա նաեւ ընթերցողին, որ սակայն ուշացումով առիթ ունի ձեռք առնելու հատորները։

Լեռ Կամսարի մասին հանգամանաւոր ուսումնասիրութիւն մը կատարած է Յարութիւն Քիւրքճեան՝ «Մարդը՝ գործին մէջէն», «Վէմ» համահայկական հանդէս, Գ (Թ) տարի, թիւ 4 (36), Հոկտեմբեր-Դեկտեմբեր, 2011, էջ 57-92:

Հայերէն blog

Փետրուար

Չորեքշաբթի 12.- Սովետական կարգերը կարելի է քննադատել աշխարհումս երկու տեղ միայն՝ արտասահմանում եւ մեր գժանոցում։ Ու որովհետեւ արտասահմանի դուռները փակ են՝ մէկը եթէ անդիմադրելի կարիք զգայ հայհոյելու այս կարգերը՝  խենթութիւն կեղծելով, քանի մը ամիս կամ տարի (նայած բարկութեանը), գժատուն կը մտնէ սիրտը աղուոր մը կը թափէ հոն ու դուրս կ’ելլէ։

Ուստի թող զարմանալի չթուայ, եթէ Չեկան իր ագենտուրան հաստատէ նաեւ գժանոցում։

Իր կոչմանը բարձրութեան վրայ կանգնած, անաչառ խելագար մը իր կառավարութեանը հրամցուցած կեղտէն մատ մըն ալ ինքը պարտի ճաշակել։ Այլապէս ագենտին իրաւացի կասկածը կը հրաւիրէ իր վրայ և անմիջապէս Չեկա կ’առաջնորդուի խելօքանալու։

Այս տարուայ Ստալինի ծննդեան տօնին, երբ Երեւանի գժանոցում միտինգ էր գումարուած, ճառախօսին «կեցցէ՛ Ստալին» վերջաբանին վրայ հանուր խելագարութիւնը ծափահարեց։ Ծափ չտուաւ միայն մարդ մը, որուն անմիջապէս Չեկան քննութեան կանչեց։

Երբ հարցուեց իրեն, թէ ինչո՞ւ բոլորը ծափահարեցին, իսկ ինքը՝ ոչ, մարդուն թուքը բերնին մէջ չորցաւ։

-Ես… Ընկեր,- ըսաւ,- գիժ չեմ, ես ծառայող եմ գժանոցում…

———-

Ինչպէս երկնքում կան անշարժ աստղեր ու մոլորակներ, անանկ ալ մեզանում կային անշարժ առեւտրականներ ու շրջիկներ։

Կառավարութիւնն ջնջեց անշարժներ ու տեղները աղ ու պղպեղ ցանեց, իսկ շրջիկները տակաւին կը վազեն փողոցները ու սարսափահար մէկը «պոպո՜կ» կը պոռայ, միւսը՝ «կաթ», «մածուն» եւ այլն։ Այս սոսկալի կանչերէն թաղին բոլոր ջղային հիւանդները ցունց կ’ելլեն պառկած տեղը։ Քաղաքապետութիւնն բնակչութեանն աղէտէ զերծ պահելու համար պարտի կամ արգելել շրջիկ առուտուրն, կամ ձայնանիշներով որոշէ, թէ ո՞վ քանի աստիճան իրաւունք ունի պոռալու եւ քանի քայլ անգամ մը պիտի բանայ բերանը։

———-

Եթէ ճիշտ ըլլար այն լուրը, որ Ստալինը հիւանդ է՝ այժմ բոլոր բոլշեւիկեան վերնախաւը պիտի տնքար։ Մինչդեռ այդպիսի բան մը չեմ տեսներ։

Հինգշաբթի 13.- Այսօր զինուորական դրութիւն յայտարարուեց երաժշտական ասպարէզում։ Գիշերուայ ժամի տասներկուսից յետոյ ոչ մի երգ չպիտի դուրս գայ իր բերնից։ Եւ մինչեւ հիմա ինչ որ երգուած է, անգամ Ստալինի մրցանակի արժանացածները պիտի վերագնահատուեն ու յանցաւոր երաժիշտները պատժուեն։ Մինչեւ հիմա երգուած երգերն մարդկութեանը չեն եղել տանելիս դէպի սոցիալիզմ, սխալմամբ ուրիշ տեղեր են տարել…

Ձեզանից շատերը գուցէ զարմանան, թէ եղանակն ինչպէս կարող է մարդուն դէպի սոցիալիզմ տանել, կամ ի՞նչ ձայն պիտի հանես, որ դէպի սոցիալիզմ չերթաս։

Երաժշտութիւնը՝ դա դո, րէ, մի, ֆա, սոլ, լա, սի, դո է։ Իսկ հակառակը՝ դո, սի, լա, սոլ, ֆա, մի, րէ, դո։ Ուրիշ ձայնանիշ կա՞յ։

Այս հարցի շուրջ լոյս սփռող, թոյլ տուէք հետեւեալ պատմութիւնն անեմ։

Ասում են հնում, միամիտ եւ յիմար Ղարաբաղի մի լերան լանջին գիւղացիք քաղ են անում։ Տեսնում են ամպերն սարը շուռ տալով դէպի իրենց են արշաւում սրընթաց։ Իրենց կեանքում առաջին անգամ ամպ տեսած քաղուորները իրար անցած պատրաստւում են պաշտպանուել այս անսպասելի թշնամուց։ Վերցնում են ով ինչ կարող է՝ բահ, թիակ,փոցխ, մանգաղ, գերանդի, կոպալ, շիշ, խաչերկաթ եւ այլն։ Գիւղի տէրտէրի ձեռքն էլ եզան լուծն է ընկնում՝ ու բոլորը միասին ամպերին սկսում են հարուածել, նրանց յաղթական երթն արգելելու համար։ Անողոք կռիւը տեւում է մինչեւ կէսօր, երբ ամպերն ոչ միայն չեն նահանջել, այլ ձիուց վար իջած բռնել են ողջ երկիրն։ Այստեղ պարտուած ղարաբաղցիք զինուորական խորհուրդ են գումարում գտնելու «պատերազմի յանցագործին»։ Երբ սկսում են քննել ռազմիկների ձեռքի զէնքերը, տեսնում են, որ քահանայի ձեռքի լուծը… ծա՜կ է։

Ահա՛, ուրեմն, այս ծակից են ամպերը մեր երկիր անցել, ձայնում են համագիւղացիք եւ վրայ թափուելով մահամերձ ծեծում են խեղճ տէր հօրը…

Հիմա մեր սոցիալիզմն է․կառավարութիւնը պահանջում է, որ անպատճառ տեսնես դէպի մեզ չեկող, գոյութիւն չունեցող սոցիալիզմն։ Ու կարծելով, թէ երաժիշտները իրենց «լուծի» մէջ ծակ չեն թողել, որ սոցիալիզմն ներս մտնի՝ բռնել ծեծում են։

Այսպէս ծեծեց բոլոր գրողներին, բոլոր նկարիչներին, որի հետեւանքով էլ այսօր գեղարուեստի «ծակը» ի սպառ փակուեց սովետական երկրում։

———-

Այսօր մենք հաց ունենք, բայց ոչինչ չունենք մէջը թաթախելու։ Ես վերցրի ջուր, բայց կինս ասաց՝ սպասիր սուպ եմ եփում։ Այս լսելով, ես հացս սկսեցի անխնայ կերպով ջրի մէջ թրջել, հաստատ իմանալով, որ իր եփած սուպը ջրից էլ լոկ պիտի լինէր։

Որովհետեւ տանն ոչ իւղ ունենք, ոչ ձաւար…

Ուրբաթ 14․- Ուղիղ տասներեք տարի է՝ սովետական կառավարութիւնն գրիչս պինդ բռնել, չի թողնում, որ շարժեմ։

Մի տասն անգամ կայ՝ դիմել եմ, թէ մի խանգարեր, ձեռներդ դէն տար գրեմ, չէ՝ ասում է։

Համարեա տարին մէկ անգամ դիմում եմ։ Ասում եմ, ո՞վ գիտէ, գուցէ յիշի, որ ինքն էլ մարդ է, ճշմարտութեան պէտք ունի։ Մարդ դառնալու համար մի տարին քիչ ժամանակ չէ։ Գիւղում այդ տարիքի հորթերն ծծից կտրում են արդէն եւ սկսում են կարգին արածել։

Առանձին-առանձին, որ կուսակցականի մօտ գնում եմ՝ սրտանց ցաւում են ինձ համար, դրուատում են իմ գրական շնորհքս, հիանում իմ այս կամ այն գրուածքովս, ուզում են, որ գրեմ, բայց չեն կարող թոյլ տալ, որովհետեւ «ընկերները» համաձայն չեն։ Ուրեմն, եթէ ընդամէնը տասն «ընկեր» կայ, դրանք առանձին համաձայն են, բայց բոլորն միասին՝ անհամաձայն։ Այդ նշանակում է, թէ թուաբանութեան մէջ մէկ մէկ էլ չի անում երկուս, որովհետեւ տաս դրական կարծիքներ գումարեցինք այստեղ, եւ գումարը բացասական դուրս եկաւ։ Այնպէս որ մտածում եմ մի օր այս տասն «ընկերներին» միասին բռնել՝ տեսնենք խմբական երգելիս ի՞նչ ձայն կը հանեն՝ դրակա՞ն, թէ՞ բացասական։

Մի օր էլ մի յօդուած խմբագրին տարայ։ Խմբագիրն կարդաց, հաւանեց ու այնքան ծիծաղեց, որ աչքերից արտասուք իջաւ։ Ասաց՝ տանեմ «ընկերների» հաւանութիւնն առնեմ տպագրելու համար։ Տարաւ ու փոխանակ «հաւանութիւն» առնելու, նրանց չհաւանութիւնն առած բերեց։ Ու յօդուածիս երկրորդ ընթերցում է կատարում՝ այս անգամ չհաւանելու համար։

Ինչքան աշխատում է չհաւանել, չի կարողանում՝ միշտ լացն ծիծաղի է փոխւում։

– Հրաշալի յօդուած է,- ասում է,- բայց ափսոս որ մի քիչ… վատն է։

Թերթի խմբագիրն այն վագրի վիճակում է գտնւում, որի առջեւ տարիներ շարունակ որպէս սնունդ՝ խոտ ու յարդ է  փռուած եղել, հիմա յանկարծ մսի կտոր է ընկել ձեռքը. ուզում է ուտել՝ դէ՜, ասում են «ընկերները» հրացանն իրեն ուղղելով։

Մի հրացան, որի գնդակով այսօր ընկած եմ ես որպէս հեղինակ, դիմացինս՝ որպէս խմբագիր եւ ժողովուրդն՝ որպէս ընթերցող։

Յետոյ էլ ասում են մի գնդակով երկու ճնճղուկ չի կարելի խփել…

———-

Հասած տղայ ունեմ, նրան հարսնացու գտել եմ, ամէն բան պատրաստ է՝ միայն երկուստեք սիրելու տրամադրութիւնն է պակասում։ Տղիս, որ նայէք, կարծէք Յիսուսն է Գեթսեմանի պարտէզում՝ այնքան տխուր է, այնքան անտրամադիր։

Բայց այնումենայնիւ, ես մտադիր եմ հարսանիք անել։ Կեր ու խում մեռելի տանն էլ են սարքում, այդ չի խանգարի, իսկ գալով ամուսնացողների տրամադրութեանը՝ խոմ ամէն ամուսնացողներ չե՞ն ամուսնանում ուրախ եւ երջանիկ ապրելու համար․կարելի է ամուսնանալ իրար վշտակցելու, իրար ցաւերը միասին լալու, եւ վերջապէս, միասին… մեռնելու համար։

 

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s