ՉԼՍՈՒԱԾ ՀՐԱՇՔ

Լեռ Կամսար բ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Գուցէ կարծէք՝ ես պիտի ասեմ, թէ երկրագունդն այսուհետեւ հակառակ ուղղութեամբ պիտի դառնայ իր առանցքի շուրջը, կամ Ռուսաստանն ու Ամերիկան հաշտութեան եկած՝ զէնքերը ցած են դրել, կամ մեր մի խանութում կարտոֆիլի ալիւր է երեւացել եւ այլն։

Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դրանցից աւելի անհաւատալի բան պիտի լսէք իմ շուրթերից։

Այն, որ արտասահմանում հնչակները, դաշնակներն ու ռամկավարները միացած դիմում են ներկայացրել ՄԱԿին եւ Թուրքիայից իրենց հողերը ետ են պահանջում։

Իսկ այդ նշանակում է, թէ մեր պատմական անցեալում, հայ նախարարները միացած, միահամուռ դիմադրութիւն են ցոյց տուել իրենց ընդհանուր թշնամուն։ Բաներ, որոնք անհնարինութեան շարքն են անցել շատ վաղուց։

…Հայը միանայ որեւէ բանո՞ւմ։

Դէ եկ ու հաւատա։

Եթէ այս լուրը ճիշտ է, ես, որպէս իսկական ազգասէր, կ’ուզենայի, որ Թուրքիան ուշացնէր կատարել հայերի այդ պահանջը, կամ բոլորովին չկատարէր, որ հայ կուսակցութիւնները մի փոքր երկար իրար հետ համաձայն ապրէին։

Ինձ համար գերադասելի է, որ հայերը օտար հողի վրայ ապրեն միաբան, քան իրենց սեփական հողի վրայ՝ ոխերիմներ։

Մի տարի առաջ ինձ մօտ եկաւ մի ռամկավար ամերիկահայ տիկին։ Վերադարձին նրան խնդրեցի իմ բարեւներս տանել Ամերիկայում ապրող իմ մանկութեան ընկերոջը, որը դժբախտաբար դաշնակ է։

Գիտէ՞ք ինչ պատասխանեց տիկինը։ Նա ասաց․

– Ես դաշնակի համար անգամ թոյն չեմ տանի…

Հետաքրքիր է, եթէ այդ տիկինը ոչ թէ Ամերիկայից, այլ Տաճկաստանից եկած լինէր, եւ ես խնդրէի իմ թոյնը տանել տաճիկ կառավարութեանը՝ նա թոյնի փոխարէն իմ ողջոյնը չէ՞ր տանի…

Հաւատացած եմ, որ կը տանէր։

Ու եթէ անգամ իմ թոյնը տանէր, ճամբին այնքան կը մեղմացնէր այդ թոյնը, որ թուրք կառավարութիւնը խմէր ու չմեռնէր։

Յամենայն դէպս չէր նմանի դաշնակին տարած իր թունոտ թոյնին․․․

Այս մարդիկ են ահա, որ Հայաստան պիտի գնան միասին ապրելու։

«Ողբա՜մ զքեզ, հայոց աշխարհ», ուրեմն։

Բայց մի րոպէ այս բոլորը մէկ կողմ դնենք ու երեւակայենք, որ Թուրքիան կը վերադարձնի մեր հողերը։

Անշուշտ ամերիկացի տիկինն էլ կը գնայ այնտեղ բնակուելու։ Այն ժամանակ եթէ նոյնպէս այցելի ինձ, եւ ես ուզենամ իմ ողջոյնը նրա միջոցով ուղարկել դաշնակ ընկերոջս՝ կը տանի՞։

Ո՛չ։

Որովհետեւ սէրը հողից չի բխում, այլ սրտից։ Իսկ սիրտ ամէն երկրում էլ մարդը պիտի ունենայ սիրելու համար։ Այնպէս, ինչպէս ամէն երկրում ստամոքս պիտի ունենայ ուտելու համար։ Եւ գլուխ՝ մտածելու համար։

Եթէ յիսուն տարի ապրել ես մի կնոջ հետ եւ նրա մահուամբ երկրորդ անգամ ես ամուսնանում, վերջին կինն ինչ անուն էլ ունենայ՝ դու առաջին կնոջ անունով կը կանչես նրան… բնականաբար։

Մեր մէջ անմիաբանութիւնը բնազդ է դարձել, որովհետեւ դարեր շարունակ այդպէս ենք ապրել.ինչքան էլ միաբանենք հիմա, դարձեալ անմիաբան պիտի կանչենք իրար։

Այս ասում եւ աւելացնում եմ.

– Հայերը Հայաստան են ուզում, որ դարձնեն մենամարտի վայր։

Մէկ-երկու ասեն ու կրակեն իրար վրայ։

Իսկ Թուրքիան դառնայ կռուողների… սեկունդանտը։

1964 թ․

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s