ՉՈՒԱՆԻՆ ՄՆԱՑԱԾ ՅՈՅՍԵՐ

ԿԻՒՄՐԻԻ ԲԱՐԲԱՌ

30180131_887706004744733_126303566_n

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆ

Ժաժքէն անցաւ 30 տարի…

Ըսելն է հեշտ 30 տարի, ըդիկ 10․950 օր է: Ամէն օրն իրա դարդով ու ցաւով, իրա սեւով ու սգով…

Էդ օրերն աշխարհքի կալենդարից պոկուած թերթեր չէին, մեր ապրած տարիներն էին, օր իրանց մէջ մաշին մեզի ու ապրելու հըմար բան չմնաց տակը: Իմպպոռտնի դոմիկների ժեշտը մէզէն նամուսով դուս էգաւ՝ ինքը մաշաւ, ծագռտաւ, բայց մենք հլը ղուան ենք ու հարսնիք, ծնունդ, կնունք կենենք ըդոնց մէջ: Դիկտով ու կառոպկով կփակենք դոմիկի ծագ ու ճուղը ու բարձր խնդալով աշխարհքին ցոյց կուդանք մեր քաղքի տեղը: Լեննագանցու լենբերան, լիաթոք խնդալու ձէնը կհասնի ալամ աշխարհի մրցոյթներ, ֆեստեւալներ, օլիմպիադաներ ու սաղ զարմանք կտռած կաշեն, թե օսկէ մեդալները, պատւոգիր, գովասանագիրները ինչ հպարտութեամբ գլուխ կխոնարհեն մեր դոմիկների շեմին: Գիւմրեցու կչկչան խնդալը խռպոտ կդառնայ, երբ կաշէ դոմիկէ մանկապարտէզին, արուեստի ու սպորտի դպրոցներին: Գիւմրուայ տռնգու տակ կտքայ ժեշտը, իսկ պպզած բերդ պարելն էլ մէ այլ ձեւի ճկուն է դարձրել մեր էրեխէքին:

Ալեքսանդրապոլ, Կումայրի, Լենինական, Գիւմրի, ըսկան անուն է փոխել քաղաքս, բայց մէ մականունըմ կպաւ ժաժքից յետոյ՝ աղէտի գօտի ու ըդիկ ամենաերկարը մնաց իրա պասպոռտի մէջ:

Դըսից էնքան զարդ ու զիբիլ սնունդ բերին լցին փորերս, օր ուղեղներս սկսեց սորվել ամէն իրավիճակի մէջ եոլա էրթալու ծերը բռնելը: 30 տարի դոմիկի մէջ մեծըցածի ֆանտազիան էլ չի հերքէ հաւատալու, կամ յոյս ունենալու օր կռնայ մէ օրըմ տուն ստանայ պետութեան կողմից: Բեդոնէ հոգին էլ չի տեղաւորուի քարը պատերի մէջ:

Արտասահմաններից, օր ղոնախ գուկայ Հայաստան, մեր քաղաք էլ չեն բերէ իրանց: Գիւմրեցու մարդասիրութիւնը, յարգել, պատուելը ժաժքի տակ չի մնացել, պռոստո հըմի վերեւները հասկցել են, օր աղէտի գօտի շահարկելը, էն է աղէտից 30 տարի յետոյ առնուազն անպատկառութիւն է: Գիւմրին այլեւս եկամտի աղբիւր չէ, ըդոր հըմար էլ իրանց հարուստ բիզնես ընկերներին կտանին Գառնի, Գեղարդ: Դրսի աշխարհի հըմար փակ կպահեն 30 տարի վերակառուցուող աղէտի գօտին, իսկ ներսէն ով ինչղ կյարմարցնէ սղմած կպահէ բգներս:

Կախեալ Հայաստանի իշխանաւորները կ’ըսեն. «Գիւմրին գալըստուկաւոր չի սիրէ»: Տո՛, ընչի՞ չի սիրէ: Գիւմրեցին սկզբից էլ ըսել է օր. «Իշուն էլ գալըստուկ կապես մարդ կդառնայ»: Ու ինչքաններին է էդ հաւատով ու յոյսով փորձեց մարդ սարքել, պռոստը գալըստուկը սարքին աթոռին կապելու թոկ ու նոյն փալանը հարի անկաջները քաշելով հերմետիկ փակին ժողովրդի ձէնը լսելու ճամփէն: Կար վախտ, օր յոյսներս ըդոնց գալըստուկներին էր, բայց տարիների ընթացքում յոյսերս մարաւ ու հանինք փռինք չուանին:

Թասիբով քաղաքըս ընտրութիւններին համապատասխան թուով մեռելի յարութիւն չէր տուել, ըդոր հըմար էլ ընկաւ սեւ ցուցակ: (Թէ 30 տարի սրտերըս վարդ էր պատռէ կարմիր ցուցակներից, հըմի է սեւից բըդի նեղուէինք:) Որպէս պատիժ դադարեցուեց շինարարութիւնը, աշխատատեղերի կրճատումների մեծ բաժինը օպտիմալացման ծրագրով մեզի բաժին հասաւ, ասֆալտած ուլիցներ էլ իրանց սեւ երսի պէս չտեսանք: Դաժէ ութ էրեխայ ունեցողի հըմար անվճար մանկապարտէզի արտօնութիւն չտուի սեւի մէջ մրոտած Գիւմրուն: Չուանի վրի կռգած, ռանգից ընգած յոյսը, աղէտի գօտու բազմազաւակը օրըմ հաւաքեց, սիրուն ծալեց դրեց ծոցաջեբը ու գնաց գալըստուկաւոր պաշտօնեայ՝ մարդու իրաւունքների պաշտպանի մօտ: Ուզածը մեծ բան չէր, իրա կորցրած հինգ սենեակի փոխարէն քիփիլիկ երկու սենեակըմ: Գալըստուկաւորը լսեց, փշաքաղուաւ դէմը դրած տեղեկանքներից, բժշկական դիագնոզերից, նկարներից ու էրեխէքի մեդալներից: Սաղ աշխարհ ֆռացած, լաւ կրթութիւն ստացած պաշտօնեան մեր ժաժքի թային էր ու հէչ մէ անգամ ճամփէն իրան Գիւմրի չէր բերել: Երկար բարակ չմտածեց, երեւակայութիւնը երեւի հերիք չտուաւ պատկերացնել, թէ քանիսն են աղէտից յետոյ մնացել անօթեւան ու 30 տարի անց հլը քանիսը կ’ապրին դոմիկների մէջ: Խեղճ անօթեւանին, որպէս մարդու իրաւունքների պաշտպան իստակ զրգեց մարդկանց շարքում նոյն ըզի վրայ կանգնելու իրաւունքից: Թուք ու մուր տալով բացատրեց, օր ինքը լիարժէք իրաւունքներ է ունեցել աղէտից յետոյ, երկու տարի ժամկէտում դատական հայցով հանդէս գալու պետութեան դէմ ու պահանջի իր ունեցուածքի լրիւ վերականգնումը, չհաշուած նաեւ այլ ծախսեր: Ու ինքը էլ բան չունի ըսելու մէկին, ով վախտին տէր չի կանգնել իրա իրաւունքներին: Միակ տեղը, օր ուղղորդեց, ըդիկ կիսաբաց լուսամուտների տաղաւարն էր, ըսաւ, օր նման մարդկանց հըմար միակ տեղն է, ուրտեղից կռնան կապեն իրանց յոյսը, պետութիւնը այլեւս ի վիճակի չէ դիմանայ նման ոչ իրազեկ քաղաքացիներին: Լեռդին բացած դռնից յոյսը կենդանութեան նշաններ ցոյց չտուաւ, ուր մնած կիսատ բացած լուսամուտներից շունչ առնէր: Յոյսը ջեբից հանեց, կապեց Սփիւռքի նախարարութեան դրօշակից ու հետ էգաւ իրա դոմիկ: Անձրեւից մաշած ժեշտերի վրայ տուֆից քարեր նկարեց, անցնող դառնողը ֆոտոներ էրին ու նկարներից մէկը գնաց հասաւ մոզամբիկցի մեծահարուստի մօտ: Էդ մարդը, ով քարտէզի վրայ իսկի չէր տեսել մեր սեւ կէտը, ելաւ էգաւ Գիւմրի: Իսկական տուֆից տուն նուէր տուաւ 30 տարի դոմիկի մէջ ապրող բազմազաւակին:

Ինչքան օր Սփիւռքի նախարարութիւնն է հեռու Սփիւռքից էդքան էլ մեր յոյսն է հեռվցել գալըստուկաւորներից ու 30 տարի ժաժքից յետոյ հլը 5000 դոմիաւորի յոյս կայ չուաններին մնացած:

 

Դժուար հասկանալի բառեր

Բգներս – կոկորդներս, բուկ – կոկորդ։
Գալըստուկ եւ գալստուկաւոր – փողկապ կրող, պաշտօնեայ։
Դիկտով ու կառոպկով – փայտերով եւ արկղերով։
Դոմիկ – ռուս․՝ տուն։
Ըզ – հարթութիւն։
Թայ – տարիք։
Ժաժք – երկրաշարժ։
Ժեշտ – թիթեղ։
Իմպպոռտ – import, ներածեալ արտադրութիւն։
Լեռդին բացուած – լայն բացուած։
Ղուան – առոյգ, ժիր։
Մէզէ – մեզմէ, մեզանից։
Սեւ երս – սեւերես, ամօթ չունեցող։
Քիփիլիկ – փոքրիկ։

 

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s