ՔԱՂՀԱՆ

Լուսնթագ եւ ես,1961, Հայաստան

ՀԱՅԿ ԲԻՒՐԱՏ

Հարաւային Կալիֆորնիայի հողի մեծ մասը աւազային է եւ բաւարար պարարտ չէ բոյսեր աճեցնելու համար:

Հոգիս շատ անհանգիստ էր այս առաւօտ եւ կարիք ունէի հոգեկան անդորրի: Շատ անգամ վաղ առաւօտներ, ես կը գնամ իմ պարտէզը եւ կը խաղամ հողի հետ, որը ինձ բերում է մտքի հանգստութիւն:

Արդէն իմ պարտէզում լոլիկի, սմբուկի, ձաձռուկի եւ կարմիր կաթնուկի նոր թուփերը բաւարար բարձրացել են եւ կարիք ունեն քաղհանի, այսինքն բոյսերը ազատելու վայրի մոլախոտերից:

Սա միշտ էլ դժուար գործ է ինձ համար, որովհետեւ պէտք է աշխատես ծնկների վրայ յենուած, իսկ իմ ծնկները բոլորովին վնասուած են:

Բայց այս գործը իմ սիրելի ժամանցներից մէկն է, որովհետեւ դա ինձ տանում է մտքով ուրիշ տեղեր, յատկապէս դէպի անցեալը:

Սկսեցի գործը եւ անմիջապէս տեղափոխուեցի իմ մանկութիւնը, ուր տարուայ մէջ մի քանի շաբաթներ ես անցկացնում էի Հայաստանի Նոր Խարբերդ աւանում, ուր իմ մօրական կողմից պապս ու տատս էին ապրում իրենց տղաների ընտանիքների հետ:

Քաղհան էի անում ու յիշում իմ տատուն՝ Լուսնթագին, որը միշտ անում էր իրենց պարտէզի քաղհանը: Նորից յիշեցի եւ խօսեցի իմ բարի տատու հետ:

Ահա մի մարդ, որ անցաւ սուրի, հուրի եւ քարի միջով: Ահա մի կին՝ հայ կին, որ 1915 թուականի ջարդերից յետոյ, Ամերիկեան որբանոցում է մեծացել, որ իր անսահման եռանդով կերտել է իւր ապագան: Սովորել եւ աւարտել է Բէյրութի Ամերիկեան Համալսարանը, եղել մանկաբարձ բուժքոյր, տեղափոխուել է Հալէպ, ամուսնացել ատամնաբոյժ Սմբատ Խաչատրեանի հետ, ունեցել երեք երեխաներ ու նուիրել իր կեանքը իր ընտանիքին ծառայելուն:  

Թողնելով բարեկեցիկ կեանքը Հալէպում, նրանք ներգաղթում են Հայաստան, որտեղից սիրելի հայրենիքը աքսորում է Սմբատին Սիբիր: Այս է եղել մեր արեւմտահայութեան մեծ մասի պատմութիւնը: Միայնակ Լուսնթագը հոգացել է երեխաների, իր ու ամուսնու մայրերի ապրուստը: Ամբողջ Նոր Խարբերդը Լուսնթագին էր դիմում, եթէ որեւէ բժշկական կարիք ունենային: Նա միշտ ժիր ու առոյգ օգնում էր բոլորին, լինի հայ, եզդի, քուրդ կամ ադրբեջանցի:

Ստալինի մահից յետոյ, Սմբատը տուն է վերադառնում, բայց Սիբիրի պայմանները ազդել էին իր առողջութեան վրայ: 1971 թուականի ամրանը 57 տարեկան Սմբատի սիրտը պայթում է եւ նա մահանում է:

Լուսնթագ, 1982, Ա․ Մ․ Նահանգներ

1979 թուականին, Լուսնթագը մեծ որդու ընտանիքի հետ արտագաղթում է Լոս Անջելոս, ուր 1988 թուականին նա մահանում է: Ամէն անգամ, երբ ես պարտէզ եմ մտնում, միշտ էլ յիշում եմ իմ գնդլիկ ու բարի տատուս, որը տուեց աշխարհին շատ բարիք, բայց ստացաւ շատ քիչ:

Իսկ այսօր քաղհանը երկար է տեւում: Այժմ ես մտքով խօսում եմ իմ մեծ պապու՝ Սմբատ Բիւրատի հետ:

Ահա մի ուրիշ մարդ, որ պայքարեց իր ամբողջ կեանքը եւ 1915 թուականին սպանուեց, 53 տարեկան հասակում: Կարդում եմ իր գրած եւ երբեք իբր գիրք չհրատարակուած «Լեռնականի մը Յուշատետրը»։ Իր մանկութեան նկարագրութիւնը, իր սիրելի Զէյթունում, նա այնպէս է նկարագրում, որ դու իրականում տեսնում ես այդ քարերի աշխարհը իր սառնորակ ջրերով, բարակ կամուրջներով ու սառը օդով:

Դու լսում ես, բայց չես հասկանում այդ հերոս ժողովրդի բարբառը: Այդ լեռների աշխարհը այսօր էլ կայ, առանց իր ժողովրդի, առանց բնութիւնը կենդանացնող այդ հերոս ազգի:

Իսկ դու քաղհան ես անում, ոչնչացնում բոյսերին ճնշող մոլախոտերին եւ հասկանում, որ կեանքում պէտք է մաքրել աշխարհը մոլախոտերից, ապա թէ ոչ, մոլախոտը կը տիրի աշխարհին:

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն blog-ի վարչութեան հետ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s