ԱՍՏԾՈՅ ՕՐՀՆՈՒԹԻՆԸ

ԼՈՌՈՒԱՅ ԲԱՐԲԱՌ

ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐԵԱՆ

Էն թուերին, որ հլա գիտութինն ու տեխնիկան ըսքան աղաք ընգած չէին, ջահելութեան ծանօթութինը շատ վախտ նամակով ըլէր։ Գրէին. «Էսինչ քաղաքի, էսինչ դպրոցի էս կամ էն դասարանի մատեանի 22 համարին»։ Ամէն մինը իրա համարը գրէր, որ նոյնը ըլէր։

Մըն էլ տենէին՝ պատասխան էկաւ։ Է՛լ Ռուսաստան, է՛լ Ուկրաինա, է՛լ Բելառուսիա, է՛լ Վրաստան ու Էստոնիա, տեղ չթողէին՝ գրէին։ Հայաստանի մասին էլ՝ ասըմ չեմ։ Ինչքան քաղաք ու գեղ կար՝ նամակաբոլի էին էկել։

Էմիլն էլ մի օր վեր կացաւ ու գրեց դպրոցը պրծնող մի ախչըկայ։ Մի քանի վախտ եդը պատասխան ստացաւ Ռուսաստանիցը։ Ղրգողը Անիա անունով ախչիկ էր։ Աչկերին հըւատէր ոչ։ Գրածին պատասխանեց, Անիան էլյետ գրեց։ Մի քանի շափաթ եդը իրար նկարնի ղրգեցին։

Բանակի տարիներին էլ նամակագրութինը շարունակեցին։ Մի տարի էլ բանակիցը եդը գրեցին։

Մի օր հերը թէ. «Տղա՛յ ջան, պսակուելուդ վախտն ա, որ եդացնես, ըրեխէքդ ահլուկ տեն ընգնիլ։ Աչկադրած ախչիկ ունե՞ս»։ «Հա, հերա, հըմա՝ ռուս ա»։

«Վիի՜, ֆողը գլխիս, հայի ախչիկը գլխներուցս կտրել ա՞, որ ըռըսի եդնա գնաս», ծնգանը տւուց մերը։ Հըմա Էմիլը ասաւ. «Թէ համաձայն էք, գնամ, բերեմ, թէ չէ՝ ուրշին ուզըմ չեմ»։

Խեխճերը տազ արին։

Գեղըմը մի ռսի ախչիկ էլ կար։ Մարթը բանակիցն էր բերել։ Արթէն իրեք էրեխայ ունէին։ Մինը մի գէշ բան չէր լսել էդ հարսիցը։ «Էռնակ քու հըւանածն էլ ըթքամ լաւը դուս գայ», տղին Ռուսաստան ճամփելիս եդնէն ջուր շպըրտեց ու ասաւ մերը։

***

– Մե՛րա, Անիային հըւանըմ ե՞ս,- մի օր հարցրուց Էմիլը։

– Հա՛, տղա՛յ ջան, թէ սըհէնց գնայ, էրես չառնի, լաւն ա։

Էրես չառաւ, հըմա երջակութինից բան էր պակսըմ. չորս տարուայ էկած էր, հըմա ըրեխայ չըլէր։

Մի օր էլ լսեց, որ կեսուրը հըրեւանին ասըմ ա. «Բա հըմի սըհէնց բան կ’ըլէ՞ր, հայ  ախչիկը գըլխներուցս կըտրել էր, գնաց աշխարի ծերիցը ռուս բերուց, որ թոռան կարօ՞տ մնանք»։

Աղի-արտասունք լաց էլաւ։ Իրիգունը որ Էմիլը տուն էկաւ, աչկերի ուռածը տեհաւ, մլորուած հարցրուց.

– Խու գէշ բա՞ն չի էլել։

– Ըրեխայ չըլելուց էլ գէշ բա՞ն։

Էմիլը ձէն չըհանեց։ Անիան սրտին գնաց։ Ըռաւօդը վեր կացաւ, շորերը հըւըքորեց ու կեսուրիցը թաքուն տանիցը գնաց։ Էմիլը ըրիգունը տուն էկաւ ու մի զապիսկա գդաւ. «Մի լաւ ախչիկ ճարի, ուզի։ Ափսուզ ես, որ անըրեխայ մնաս»։

Էմիլը շատ ծանդրը տարաւ Անիայի գնալը։

Մընին էլա սիրտը կըպաւ ոչ, թըհէնց էլ մենակ ապրէր։ Անիան մէմէն նամակ գրէր նրա քւորը, հարցուկընէք անէր Էմըլիցը։ Մի օր էլ գրեց. «Ես ըստի ինձ չուժոյ եմ ըզգըմ։ Հայերի հետ ապրեցի, հայ չըդառայ, հըմա ռուս էլ չըմընացի»։

…8 տարի անց կացաւ։ Ոնչ Էմիլը ջխտուեց, ոնչ՝ Անիան։

– Չէ՛, մե՛րա, իմ բախտը Անիան էր, ձեռիցս բաց թողի։ Քիրս հետը կապ ունի, ասըմ ա՝ մարթի չի գնացել, ընդի էլ դըժար ա կենըմ,- մի օր սիրտը վեկացած ասաւ Էմիլը։

– Ձեր բըժանուիլը սըխալմունք էր, էռնակ եդնէն գնաս,- արտասունքը սրփեց մերը։

Էմիլը գնաց։ Ուրխութինը Անիայի հետ տուն մտաւ։

Էրկու ամիս եդը մի տղայ էրեխայ որթեգրեցին։ Հընէնց խելքահան ըլելով սիրէին, ոնց որ իրանցից էլածին կը սիրէին։

– Մի քիչ մենձանայ, գնանք տըղիս հըմար մի քիր որթեգրենք,- ըրեխին ծընգի վրայ պար ածելով մի օր ասաւ Էմիլը։

Հըմա գորձը դրան չըհասաւ։ Մի տարի եդը Անիան ախչիկ բերուց…

ԲԱՌԱՐԱՆ

Ահլուկ ընգնել – ուշ ծնուել։
Աղաք – առաջ։
Աչկադրած – աչքը դրած՝ հաւանած։
Ափսուզ – ափսոս։
Եդացնել – ուշացնել։
Եդը – յետոյ։
Եդնէն – յետեւից։
Զապիսկա – ռուս.՝ գրութիւն։
Էլյետ – նորից։
Էռնակ – երանի։
Ըթքամ – այդքան։
Ըռաւօդ – առաւօտ։
Ըրիգու – երեկոյ։
Հարցուկընէք – հարցուփորձ։
Հըմա – բայց։
Չուժոյ – ռուս.՝ օտար։
Ջխտուել – զուգաւորուել, այստեղ՝ ամուսնանալ։
Սիրտը վեկացած – յուզուած։
Սըհէնց – այսպիսի։
Վախտ ժամանակ։
Տազ անել – լռել։
Քիր – քոյր․ քւոր – քրոջ։
Ֆող – հող։

Արտատպումի պարագային կը խնդրուի նախապէս կապ հաստատել Հայերէն Blog-ի վարչութեան հետ:

Leave a comment